ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Իշխանությունները շուտով ֆիասկո են ապրելու»

«Իշխանությունները շուտով  ֆիասկո են ապրելու»
12.05.2015 | 00:28

Խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի ռուսամետ ուժերը նպատակ ունեն միավորվելու մի «դրոշի» տակ ու նոր ընդդիմադիր ճակատ ձևավորելու: Այդ ուժերի թվում է նաև ՀԴԿ-ն, որի ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախ մեզ հետ զրույցում անընդունելի համարեց «ռուսամետ» որակումը, փաստելով, որ բոլորն էլ իրենց հայրենիքի, պետության մասին են մտածում: «Այլ հարց է, մենք ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի կազմում ենք ցանկանում լինել: Այս դեպքում կարելի է ասել, թե որ ուղղության աջակիցն ես: Այլապես արևմտամետ, ռուսամետ ասելով նկատի ունեն ինչ-որ մեկի պատվերը կատարողի, որն այս արևի տակ իր տեղն է ուզում գտնել: Ես ինձ նման ձևակերպումների «միջով» չեմ անցկացնում»,- ասաց քաղաքական գործիչը:

-Ոչխորհրդարանական քաղաքական ուժերն այսօր պասիվ են: Այս միավորումը նոր ընդդիմադիր բևեռ ստեղծելու նպատա՞կ է հետապնդում:
-Ոչխորհրդարանական ուժերը, մասնավորապես մենք, փորձում են բոլոր հնարավորություններն օգտագործել` իրենց խոսքը ժողովրդին հասցնելու համար: Սա չի նշանակում, որ պասիվ ենք: Խորհրդարանից դուրս մեր հնարավորություններն այսպիսին են: Ինչ վերաբերում է միավորումներին, ասեմ, որ արդեն քսան տարի է, ինչ ձախակենտրոն ուժերին փորձում ենք միավորել: Այսինքն, նրանց, որոնք սոցիալ-դեմոկրատական, սոցալիստական ուղղվածություն ունեն։ Այսպիսի փորձեր տասնյակ անգամ ենք ունեցել, ցավոք, չի հաջողվել միավորել:
-Ի՞նչն է պատճառը:
-Պատճառն այն է, որ իրենք էլ համոզված չեն, թե այդպիսի միավորումից կարող է լուրջ բան ստացվել: Չնայած մենք փորձն արդեն ունենք, 1996-ին «Ազգային միասնության» ձևավորման նախաձեռնողն ենք եղել, հետո էլ մասնակցել ենք «Արդարություն» դաշինքի ձևավորմանը: Այս միավորումները բավականին հաջող գործունեություն են ունեցել, եթե չլինեին մեկ-երկու սխալները: Հիմա էլ պետք է ձախակենտրոն ուժերին բացատրել, որ գործող իշխանությանն այլընտրանքային ծրագիր ներկայացնելու միակ հնարավորությունը սա է: Ոչ մի լիբերալ ուղղվածության կուսակցություն այսօրվա քաղաքականությանը ոչ մի նոր բան չի տալու, շատ-շատ ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ ուզենա մտցնել: Իսկ մեր պատկերացմամբ` ողջ համակարգը պետք է փոխվի: Մենք համոզված ենք, որ իրավիճակը կարող է շտկվել «չորրորդ հանրապետության» ստեղծմամբ, որի քայլերն արդեն մշակել ենք: Երրորդ հանրապետության բոլոր հնարավորությունները սպառվել են, հատկապես ներքին քաղաքականության առումով, և պիտի ձևավորենք չորրորդ հանրապետություն` նոր հիմունքներով ու կանոնակարգով: Եթե սոցիալական արդարության գաղափարներն այս ուժերը համարում են հիմնարար սկզբունք ու կարողանան հավաքվել դրա շուրջ, կձևավորվի քաղաքական միավոր: Այս ամենում մենք տեսնում ենք նաև ՀԿ-ների դերակատարումը: Կան մի շարք ՀԿ-ներ, այդ թվում` մտավորականների խորհուրդը, որ այս գաղափարի գործուն աջակիցն են: Տեսնենք, թե ինչ կստացվի այս անգամ:
-Ի՞նչ մեխանիզմներով եք տեսնում «չորրորդ հանրապետության» ստեղծումը:
-Նախ անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցել: Լինելով խորհրդարանական ուժ, կարող ենք կետ առ կետ ներկայացնել այն մեխանիզմները, որոնք պետք է նոր կառավարման համակարգի հիմքը լինեն: Պետք է ընդունվի կառավարման ամբողջովին նոր մոդել: Սա հետևողական աշխատանք է, և առաջին հերթին պետք է հանրությանը ներկայացնել այդ մոդելը:
-Ասում եք` ընտրություններով պետք է իրավիճակը շտկել: Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ Հայաստանում հնարավոր է կառավարման մոդել փոխել ընտրությունների միջոցով:
-Այս պայմաններում, իհարկե, դա կասկածելի է թվում, բայց այլ ճանապարհ չկա: Անկեղծ ասեմ, այս իշխանությունները շուտով ֆիասկո են ապրելու: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ահավոր վատ է, շատ ծանր է: Նույնիսկ, պաշտոնական տվյալներով, ֆինանսական վիճակը խայտառակ է: Օրինակով խոսեմ: Ամեն անգամ փորձում են վարկ վերցնել ու փակել բյուջեի դեֆիցիտը կամ սպասարկում են նախորդ պարտքերի տոկոսները: Ասել է` պետությունը ոչ մի այլընտրանքային ռեսուրս չունի, որ կարողանա մարել պարտքերը: Գումարները մսխել են ու հիմա ստիպված են նոր պարտքերի տակ մտնել: Ոչ մի վարկ իր իրական նպատակին չի ծառայել: Վարկը վերցնում ես այն նպատակով, որ ինչ-որ գործ անես, շահույթ ստանաս ու փակես վարկը: Այդպիսի ծրագիր Հայաստանում այս քսանհինգ տարում չի իրականացվել: Սա նշանակում է, որ այս իշխանությունը մի քանի ամիս հետո կանգնած է լինելու դեֆոլտի առաջ, որովհետև պետական պարտքի չափը պաշտոնական տվյալներով հասնում է 55-56 տոկոսի, իսկ 60 տոկոսն արդեն ենթադրում է, որ պետությունը «բանկրոտի» է դատապարտված: Եթե ճիշտ համադրենք պետական պարտքն արտահանման ծավալների հետ, ապա այն 250 տոկոսի է հասնում: Սա իշխանությունները շատ լավ գիտակցում են, պատահական չէ, որ հիմա սփյուռքին փորձում են համոզել, թե բերեք, փող տվեք, ներդրում արեք: Երբեմն սա հասնում է զավեշտի:
-Վերջերս «խոպանչիներին հարկելու» մասին օրենք ընդունեց ԱԺ-ն: Դուք սրանո՞ւմ էլ զավեշտ եք տեսնում:
-Ամեն ինչ սիրողական մակարդակով է արվում: Նախ պետք է կնքվեր միջպետական համաձայնագիր, այնինչ մերոնք հիմա մի օրենք են ընդունում, որը Ռուսաստանի համար թղթի կտոր է:
-Իրավական ուժ չունի՞:
-Համոզված եմ` ոչ: Եթե ձեր գործողությունները չեք համաձայնեցրել տվյալ պետության հետ, ուրեմն օրենքը բանի պետք չէ: Կամ էլ մնում է մի բան. շինարարություն իրականացնող այդ ընկերությունները, այսպես ասած, «հորս արև», «մորս արև» երդվելով, բերեն իրենց շահույթի մի մասը տան Հայաստանին: Այլ մեխանիզմ չկա: Եթե լիներ միջպետական համաձայնագիր, ամեն ինչ շատ հստակ կլիներ, անգամ այդ մարդկանց գնալ-գալը, այսպիսի վիճակ էլ չէր ստեղծվի, երբ դեպորտ են անում, ցածր աշխատավարձ են տալիս:
-Հաշվի առնելով Ձեր վկայակոչած պետական պարտքի վտանգավոր չափն ու այսօրինակ օրենքների ընդունումը, չե՞ք կարծում, որ ինչ-որ պահի սոցիալական բունտ կարող է լինել:
-Եթե ժողովրդին շատ բորբոքեն, կհայտնվեն մարդիկ, որոնք կօգտվեն այդ դժգոհությունից: Այ, սա է վտանգավորը, հետևանքներն էլ ողբերգական կլինեն: Եթե իշխանությունը հույսը դրել է այն բանի վրա, որ ժողովուրդն իր դժգոհությունը կարտահայտի երկրից փախչելով, վաղը մարդ չի մնա, որ կառավարեն: Մենք արդեն ասել ենք, որ այսպիսի կառավարման արդյունքում դուք ունենալու եք 1,5-1,8 մլն մարդ: Պիտի սթափվեն: Բայց պարզվում է, ոչ մեկը չի ուզում ձեռքն իր գրպանը տանել: Օլիգարխները ճգնաժամային այս պայմաններում ավելի հարստանում են, փոխարենը աղքատանում է ժողովուրդը: Եթե սփյուռքից փող եք ուզում, մարդիկ արդարացի հարցնում են` ինչո՞ւ ձեր հարուստները չեն ուզում ձեզ մոտ ներդրում անել: Ախր, այս իշխանությունն անգամ ծրագիր չունի, ու դրսի հարուստները մտածում են` ինչ զարգացնեն Հայաստանում, որ դրսում մրցունակ լինի: Ի դեպ, արտահանած ապրանքի շահույթն էլ Հայաստան չի գալիս: Մեր օլիգարխներն այդ գումարը դրսում կապիտալ ձեռք բերելու վրա են ծախսում` վիլլաներ, կազինոներ: Սփյուռքն էլ արդեն ասում է` գնացեք ձեզ մոտ կարգուկանոն հաստատեք, նոր մեզնից ինչ-որ բան խնդրեք: Ցեղասպանության 100-րդ տարելիցը բարձր մակարդակով անցկացրինք: Բոլորն էլ հարց են տալիս` եթե այդպիսի մակարդակ կարող եք ապահովել, ինչո՞ւ ներքին խնդիրները չեք լուծում:
-Ինչո՞ւ չեն լուծում:
-Համակարգն է այդպիսին, նրանք էլ համակարգի մասնիկն են: Երբ ասում էին` այսինչ հարուստը կարող է գալ, ժողովրդին օգնել, ես ասում էի` որ մի հիմարը (ներողություն արտահայտությանս համար) կգա, կքանդի այն համակարգը, որն իրեն միլիոնատեր է դարձրել: Խնդիրը ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխությունն է, բայց ոչ հեղափոխական ճանապարհով: Դա մեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ